Հայաստանում օրեցօր սրվում և թեժանում է նախըտրական պայքարը: Բոլոր կուսակցություններն իրենց ֆինանսական և մարդկային ռեսուրսները նետել են մարտի՝ ընտրազանգվածի համակրանքը շահելու և մրցակիցներից առաջ անցնելու համար: Այս պահի դրությամբ քարոզարշավի ակնհայտ առաջատարները Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են: Երևանի տարբեր համայնքներում և մարզերում տեղի են ունենում հրապարակային հանդիպումներ կուսակցությունների երևելի դեմքերի հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Էրեբունի համայնքի և Էջմիածնի ընտրողների, իսկ «Բարգավաճ Հայաստան» կոսակցության «քաղաքական հրետանին»՝ Վարդան Օսկանյանը Երևանի Շենգավիթ համայնքի ընտրողների հետ, որի ընթացքում նա իր ելույթում մասնավորապես ասաց. «Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը երբեք այսքան ճակատագրական չի եղել: Միաժամանակ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել: Մենք ներդնելու ենք մարդկային և տեխնիկական հնարավոր բոլոր ռեսուրսները և ինչպես առանձին, այնպես էլ մյուս ուժերի հետ համագործակցությամբ պայքարելու ենք ընտրակեղծիքների դեմ, տեր ենք կանգնելու ու պաշտպանելու ենք յուրաքանչյուրի քվեն: Որպեսզի նոր խորհրդարանը և նոր կառավարությունը ունենան օրինականության և ժողովրդի վստահության այնպիսի պաշար, որը թույլ կտա լուծել ժողովրդի առջև ծառացած բարդագույն խնդիրները, իրականացնել մեր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ և անխուսափելի խորքային բարեփոխումները և դիմագրավել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին: Իր ելույթի վերջում Վարդան Օսկանյանն ասաց. « Հետաքրքրական զուգադիպությամբ՝ վերջերս ԱՄՆ-ում մի գիրք է լույս տեսել «Ինչու են պետությունները ձախողվում» վերնագրով, որի երկու հեղինակներից մեկը մեր հայրենակից Տարոն Աջեմօղլուն է: Գրքի հեղինակները եզրակացնում են, որ պետությունների հաջողությունները կամ ձախողումները կախված են ոչ թե նրանց աշխարհագրությունից, պատմությունից, կրոնից կամ ազգային բնութագրից, այլ նրանց` քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ ստեղծելու կարողությունից: Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, ինչը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ուժն ու արարելու հնարավորությունները կենտրոնանում են մի քանի անձանց ձեռքում: Մյուս միտքը, որ առաջ են քաշում հեղինակները, այն է, որ ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է, և ճիշտ տնտեսություն ու հասարակություն կառուցելու համար նախևառաջ պետք է ունենալ ճիշտ քաղաքական համակարգ»:
Նկատի ունենալով Մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների ճիշտ անցկացման կարևորությունը, «ՄԻԱՍԻՆ» կայքը առաջիկայում մեկնաբանություննրով կամ ուղղակիորեն Ձեզ կներկայացնի ընտրապայքարի ամենաուշագրավ դրվագները:
Հայաստանում օրեցօր սրվում և թեժանում է նախըտրական պայքարը: Բոլոր կուսակցություններն իրենց ֆինանսական և մարդկային ռեսուրսները նետել են մարտի՝ ընտրազանգվածի...